Ինչպես ճիշտ դասավանդել մաթեմատիկան երեխաներին-

Հաճախ ծնողները համոզված են լինում, որ եթե երեխան մինչև հարյուրը հաշվել գիտի, ապա նա առաջին դասարանում խնդիր չի ունենա, սակայն սխալվում են։ Ծնողները հասկանում են, որ դպրոցամուտը հետաքրքիր և դժվար փորձություն է երեխայի համար։  Հաճախ ծնողները ցանկանում են իրենց հնարավորությունների սահմաններում օգնել երեխային և նախապատրաստել դպրոցին, սակայն չգիտեն դա ինչպես կատարեն։ Փորձերից հայտնի է, որ ծնողների ոչ որակավորված օգնությունը երեխային վնաս է հասցնում, երեխաները ապակողմնորոշվում են։Ուսումնական ձեռնարկի նպատակն է օգնել ծնողներին ու դաստիարակներին ճիշտ կողմնորոշվել և օգնել երեխաներին տրամաբանված մտածել, վերլուծել, բացահայտել, կատարել պարզ մաթեմատիկական ընդհանրացումներ, ձևավորել ճանաչողական հետաքրքրասիրություն։Գեղեցիկ և զվարճալի նկարները, տրամաբանական խնդիրները երեխաների մեջ հետաքրքրություն են առաջացնում մաթեմատիկայի հանդեպ։ Այս ձեռնարկը կազմված է մանկապարտեզում նախադպրոցական երեխաների հետ աշխատանքի փորձի հիման վրա։ Ձեռնարկի յուաքանչյուր բաժնում կան տարբեր բնույթի առաջադրանքներ, որոնք դասակարգված են պարզից բարդ սկզբունքով։ Դրանք նպաստում են՝ առարկաների մեծության , հատկանիշների, երկրաչափական ձևերի ծանոթացմանը, ժամանակի զգացողության, տարածության մեջ կողմնորոշվելու հատկությունների զարգացմանը։ Բուն նպաատակի կենտրոնացումը կայանում է՝ դիտակտիկ խաղերի, գրավիչ հանձնարարությունների, բարոյական, հուզական, զգացմունքային իրավիճակների ստեղծման վրա։ Յուրաքանչյուր առաջադրանք երեխային տրվում է իր ուժերին համապատասխան՝ ո՛չ շատ հեշտ, ո՛չ շատ՝ բարդ։ Այս խաղերն ու առաջադրանքները զարգացնում են երեխայի ինքնուրույնությունը, երեխան միայնակ փորձում է համեմատել մեծը, փոքրը, լայնը, նեղը, ձևը, գույնը և այդպես շարունակ։ Առաջադրանքներն ու խաղերը խաղալիս, երեխան հստակ պետք է իմանա՝

  • Ի՞նչ է անում և ինչո՞ւ։
  • Հասկանա՝ ի՞նչ են ակնկալում իրենից։
  • Երեխան վստահ լինի, որ մեծահասակը իրեն օգնելու և աջակցելու է։

Վարժությունները կատարելիս կարևոր է, որ լսեն երեխայի բոլոր հնարավոր պատասխանները, հետո նոր հայտնել ճիշտ պատասխանը, երեխան պետք է կարողանա ընտրություն կատարել խաղանյութերի, նոր խաղերի տարբերակների միջև։ Պետք է միշտ խրախուսենք երեխաներին, նույնիսկ նրանց չնչին արարքները, որպեսզի նրանք ոգեվորվեն և սիրով կատարեն իրենց տրված յուրաքանչյուր առաջադրանք։ Եթե երեխան տրամադրված չէ, նրան ստիպել պետք չէ։ Երեխայի ցանկությունը հաշվի առնել պետք է, կարևոր է նաև վստահության մթնոլորտ ստեղծելը։

Խորհուրդ ծնողներին

Ծնողները երեխաներին պետք է ծանոթացնեն առարկաների հատկանիշների՝ բարձր, ցածր, երկար, կարճ, լայն, բարակ, հաստ, հավասար և այլ հատկանիշների հետ։  Պետք է օգտագործել այնպիսի առարկաներ, որոնք երեխային մշտապես ծանոթ են։ Երեխան պետք է կարողանա խմբավորել բոլոր առարկաները ըստ իրենց հատկանիշների նաև դասավորել աճող և նվազող կարգով։ Սովորեցնել գտնել ավելորդ առարկան, պակասը լրացնել, առդրումը և վերդրումը սովորեցնել և տարբերակել,

Մեծություն

Երեխաները հասկանում են երկար, կարճ, լայն, նեղ, բարակ, հաստ և այլ բառերի իմաստները, սակայն չեն կարողանում շատ բաներ տարբերել, օրինակ՝  երկար, լայն, բարձր բառերը փոխարինում են մեծ բառով, իսկ կարճ, նեղ, ցածր բառերը փոքրով։ Մեծը և փոքրը տարբերելու համար կարելի է առարկաները դնել ձեռքի մեջ և ասել, թե որն է տեղավորվում որը ոչ, կամ որն է ըստ մեծության ծանր, որը թեթև։ Կարելի է զվարճալի խաղ խաղալ երեխայի հետ օրինակ՝ պահմտոցի, կարող են թաքնվել սեղանի հետևում կամ մեզանից փոքր ինչ-որ առարկայի հետևում, և երեխան կհասկանա, որ տվյալ առարկան մարդու չափսերից փոքր է։ Կոճակներով խաղերը, և կենդանիների համեմատության խաղերը, կարող են օգնել սովորել մեծն ու փոքրը։  Դժվարության դեպքում երեխան պետք է դիմի մեծահասակի օգնությանը, և պետք է բացատրի, որ նույնիսկ մեծահասակներն են դիմում օգնության և օգնության դիմելիս ամաչել պետք չէ։ Խաղեր կարելի է ստեղծել քարերով՝ մեծ, միջին, փոքր։ Երեխաներին պետք է սովորեցնել նաև՝ աջ, ձախ, վերև, ներքև, տակ, վրա հասկացությունները։ Սովորեցնել աչքաչափով և թզաչափով խաղեր խաղալ։ Երկարն ու կարճը, հաստն ու բարակը կարելի է մրգերով խաղեր խաղալով սովորեցնել երեխաներին, տարբեր առաջադրանքներ կատարելով։ Պլաստիրինով , թելերով, ժապավեններով խաղերն էլ են օգնում զարգացնել հետևյալները։ Լեգոներով աշտարակներ կարելի է կառուցել՝ մեծ, միջին, փոքր։ Երեխան պետք է սովորի , և կարողանա առարկաները դասավորել ըստ բարձրության, հետո մյուս կողմում հավաքի տարբեր չափսեր ունեցող, բայց նույն բարձրություն ունեցող առարկաները և այդպես շարունակ։ Թղթերի վրա կարելի է գծել զիգզագներով կամ տարբեր ձևերով ճանապարհներ և երեխաներին տալ, որ կտրեն և համեմատեն երկարն ու կարճը, հավասարը, հաստն ու բարակը։ Երեխաներին կարելի է բակ տանել, կանգնել մի քանի հարկանի շենքի դիմաց , և համեմատել տների պատուհանները լայն- նեղ, բարձր ցածր։ Հետաքրքիր է նաև քայլաչափով և թզաչափով իրականացվող խաղերը, որոնք խաղում են այն ժամանակ, երբ առարկաները չափսերով շատ մեծ են և տեղաշարժել, իրար մոտեցնել, կամ իրար վրա դնել հնարավոր չէ։  Երեխային պետք է տալ այնպիսի հարցեր, որը նրան ստիպում է մտածել։

Հարցերի օրինակներ․

  • Ինչո՞վ այսօր զբաղվեցիր։
  • Ի՞նչ նոր բան իմացար։
  • Ինչի՞ վրա շատ ուշադրություն դարձրեցիր։
  • Ի՞նչը ամենից շատ քեզ դուր եկավ, ի՞նչն էր ամենահետաքրքիրը։
  • Ի՞նչն էր դժվար, ինչպե՞ս հաղթահարեցիր։
  • Մեր տարբերակները։

Վրձիններով ու մատիտներով խաղ կարելի է խաղալ, ըստ հաստության դասավորելով։ <<Նապաստակի տնակը>> խաղը կարելի է խաղալ։ Սեղանին դնել երկու դռներով տնակներ՝ մեկը լայն, մյուսը՝ նեղ, երեխային պատմենք, որ նապաստակը դուրս էր եկել գազար փնտրելու, և գայլը մոտակայքում էր տեսավ և հետևեց նրան։ Նապաստակը մոտեցավ տնակին, որ մտնի և թաքնվի։ Հարց տալ երեխային․

  • Ո՞ր դռնով նապաստակը կարող է հեշտությամբ ներս մտնել նեղ, թե՞ լայն։
  • Իսկ ի՞նչ կպատահեր, եթե դռներից միայն մեկը լիներ «նեղ»։

Հնարավոր է նաև գրքի միջի նկարները վերցնել, և դրա շուրջ հորինել մի պատմություն և երեխային պատմել և դրա հետ համատեղ նկարի միջի առարկաներին, կենդանիներին համեմատել, ըստ մեծության տարբեր հատկանիշների։ Հետաքրքիր զարգացնող խաղեր կստացվի նաև սպասքի պարագաներով, դրանց համեմատությունն էլ է հետաքրքիր, դրանց առդրումն ու վերդրումը։ Օրինակ՝ բաժակները, որ բաժակի չափսն է մեծ և մյուս բաժակներից որը դրա մեջ կմտնի ու այդպես շարունակ, մեծից մինչև ամենափոքր։ Առաջադրանքի ժամանակ պետք է հետևել, որ երեխան չձանձրանա և ամենակարևորը պետք է գովաբանել նրանց կատարած աշխատանքը, որի շնորհիվ կընդլայնվի նրանց ձգտումը մաթեմատիկայի նկատմամբ։ Զբոսանքը այգում կարելի է դարձնել ուսուցողական։ Վերցրե՛ք ձեզ հետ լայն ու նեղ դույլեր և այգում թաց ավազից ստացեք հաստ ու բարակ, բարձր ու ցածր աշտարակներ։ Երեխայի ուշադրությունը բևեռեք ծառերի բների և ճյուղերի հաստությանն ու բարակությանը։ Համեմատե՛ք զբոսայգու ծառուղին փողոցի հետ և այլն։ Առաջադրանքների կատարումը միշտ երեխային ուրախություն պետք է պատճառի։ Մթերային խանությում գնումներ կատարելիս երեխայի ուշադրությունը պետք է կենտրոնացնել այնպիսի մթերքների վրա, որոնք տարբեր են իրենց հաստությամբ և բարակությամբ (երշիկ-նրբերշիկ) և այլն։ Այս համեմատություններով երեխան սովորում է առարկան, և այլ իրերը դիտել տարբեր կողմերից։ Համեմատեք կտրտված պանրի կտորների հաստությունը։ Կարող եք նաև բացատրել, որ սեղանին դնելիս հացը, պանիրը և երշիկը կտրատելիս պետք է աչքաչափով, հավասար շերտերով կտրատել, որ գեղեցիկ և հաճելի լինի, թե՛ հյուրերի, թե՛ ընտանիքի անդամների համար։ Գնած երշիկները համեմատելիս պետք  ուշադրություն դարձնել, որ մի երշիկը հաստ է ու կարճ, իսկ մյուսը բարակ, բայց երկար։ Որպես ամփոփում՝ խաղացեք <<Շարունակի՛ր>> խաղը։ 

  • Ճաշի գդալը ավելի մեծ է, քան ․․․  թեյինը։
  • Բեռնատար մեքենան ավելի երկար է, քան ․․․ մարդատարը։
  • Արծվի թևերը ավելի լայն են, քան ․․․ ճնճղուկինը։
  • Փղի ականջները լայն են, իսկ նապաստակինը՝ ․․․ նեղ։
  • Եթե կարմիր ժապավենը նեղ է կապույտից, ապա կապույտը ․․․ լայն է կարմիրից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *