Category Archives: երաժշտություն

Ամանորյա, Սուրբ ծննդյան բարեմաղթանքներ, օրհնանքներ

Ձեր տուն մտնի հազար բարի,

Հաճար, ցորեն, կորեկ, գարի,

Լիքը խորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք` լիքը տնով:

Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,

Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,

Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,

Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,

Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

Ահա եկավ Նոր տարի,

Հետը բերավ նոր բարի,

Մանր տղոց ուրախ օր,

Բարի զավակ հորն ու մոր:

Բարով եկար Նոր տարի,

Տուր մեզի ցորեն, գարի,

Այգուն, բաղջին պտուղ տուր,

Հիվանդություն թող չըլնի,

Ապրիք շատ ու շատ տարի:

Հինը գնաց, նորը կուգա,

Հինը ուրախ ճանապարհեք,

Նորն էլ լիքը բարիք կուտա:

Առատ տարի, բերքը` բարի:

Դուռ, լուսամուտ բացեք,

Ինչ ուզում եք խնդրեցեք:

Ահա եկավ Նոր տարի,

Հետը բերավ նոր բարի:

Շնորհավոր Նոր տարի, Ձեր տունը շեն ըլնի, Բարով նոր հագնեք, Միշտ ուրախ լինեք:

Հացը բոլ ըլնի, Աչքը կուշտ ըլնի, Ձեզ էլ փայ ըլնի, Մեզ էլ փայ ըլնի:

Բարին վեր գա, ձեզ հետ նստի,

Բարով թող գա ձեր Նոր տարի,

Մուրազներդ թող կատարի:

Բարեմաղթանքներ

Շնորհավոր ձեր Նոր տարին, առատ, ուրախ, անկորուստ տարի լինի, բարով հասնեք մեկ էլ էս օրվան, առողջ, երջանիկ լինեք:

Շնորհավոր Նոր տարի, ամէն տարի ուրախ, բարով, խերով շատ տարիներ էս օրս հասնիք:

Ուրախության տարի լինի, ցամաք աչքով, ուրախ սրտով ամեն տարի էս օրվան հասնիք:

Ուրախությամբ տարեմուտ ենք անում, ուրախությամբ էլ սուրբ Հարությանը արժանանանք, լի ու առատ լինի, Աստված մահին թանգություն տա, հացին՝ էժանություն:

Տունը շեն ըլնի, բարաքաթ ըլնի,

Միշտ ջոմարդ լինեք,

Մեզ էլ միշտ հիշեք:

Շնորհավոր Նոր տարի:

Օրհնանքներ

Հացիկ, ջրիկ – կյանք երջանիկ:

Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա:

Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք:

Օրհնյալ լինեք, յոթը որդով սեղան նստեք:

Հիվանդություն թող չլնի, ապրեք շատ ու շատ տարի:

Ոտքերդ քարին չդիպչի, երկար արև ձեզ:

Չոլը գնաք՝ կանաչ դառնա, Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի:

Ջրի նման երկար կյանք ունենաք, ուրախ օրով ծերանաք:

Օրհնյալ է Աստծո օրհնանքը, Աստծո խաչը միշտ ձեր վրա լինի:

Բախտավոր ապրեք, ձեր տան ծուխը վառ մնա:

Երկար արև լինեք, մազներդ չծռվի:

Հող ցանեք, ոսկի հնձեք:

Օրհնվի ձեր յոթը պորտը:

Ծլեք, ծաղկեք, ծիր – ծիրանի դառնաք:

Ձեր կերածդ հացը հալալ լինի, հացով մնաք:

Տաշտներդ լի հաց լինի, դռներդ միշտ բաց լինի:

Ծլեք, ծաղկեք, զորանաք, ձեր կերածդ հացը հալալ լինի: