Category Archives: Մանկական Գրականություն

19.04.2022

1.Համացանցից գտե´ք ,,Մանկական գրականություն,, վերնագրով հոդվածներ և դուրս գրեք ձեզ հետաքրքրող հատվածները:

Մանկական գրականություն, գեղարվեստական գրականության ժանր։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։ Մանկական գրականության արմատները գալիս են պատմություններից, երգերից, որոնք մի մասն են ավելի մեծ բանավոր ավանդույթի, որ մեծահասակները կիսում էին երեխաների հետ դեռևս այն ժամանակ, երբ տպագրությունը գոյություն  չուներ։ Դժվար է հասկանալ մանկական գրականության զարգացումը միչև տպագրության ի հայտ գալը։ Նույնիսկ տպագրության լայն տարածումից հետո, շատ դասական «մանկական» պատմվածքներ սկզբնապես ստեղծվում էին մեծահասակաների համար և հետագայում նոր ադապտացվում և, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, հարմարեցվում փոքրահասակ լսարանի համար։ 15-րդ դարից սկսած՝ ավելի շատ գրականություն կար՝ հատուկ ուղղված երեխաներին, և հաճախ այդ գրականությունն ընդգրկում էր բարոյական և կրոնական ուղերձ։ 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայտնի է որպես «Մանկական գրականության ոսկե դարաշրջան»։ Դարաշրջանն այդպես է կոչվում, որովհետև հենց այդ ժամանակ են լույս տեսել բազում դասական մանկական գրքեր։

2.Քննարկեք ընկերների հետ ձեր առանձնացրած հատվածները:

31․03․2022

Կարդացեք Ջանի Ռոդարիի ,,Երևակայության քերականության,, տրված հատվածը։

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
Միայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում:

Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու` ձգտելով նշված բառերի միջև մերձեցում գտնել: Ստեղծելու միասնական, տվյալ դեպքում ֆանտաստիկ մի ամբողջություն, որի մեջ երկու տարածին տարրերը կարողանան գոյակցել: Ահա թե ինչու է լավ, երբ ստեղծագործական երևակայության երկանդամությունը դիպվածով է որոշվում: Թող երկու բառերը ասեն երկու տարբեր երեխաներ, ընդ որում մեկը չիմանա, թե ինչ է ասել մյուսը: Կամ երեխան մատը դնում է իրարից հեռու դրված բառարանների էջերի վրա:

Ստեղծագործական երևակայության երկանդամության մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում: Նրանք ՙարտիմաստավորվում են՚, ՙտեղաշարժվում՚, դուրս են քաշվում ու ճախրում մինչ այդ չտեսնված երկնակամարում: Հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այդպիսիք են:

Վերցնենք երկու բառ` շուն և պահարան: Դրանք միացնելու պարզագույն ձևը հիմնականում հոլովների օգնությանը դիմելն է: Այդ կերպ մի քանի պատկերներ կստանանք. պահարանով շունը, շան պահարանը, պահարանի վրայի շունը, պահարանի միջի շունը և այլն: Կարող են ստեղծվել անմտություններ: Սակայն կարևորը գործընթացն է, որին երեխաները կատարելապես են տիրապետում և դրանից իսկական հաճույք են ստանում:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ առանց որևէ մեկից կախում ունենալու. հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում` ոչ մի կերպ չհամակերպվելով, թույլ չտալով իրեն խճճել: Ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպն է: Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում: Նույնիսկ երեխայի միջավայրի հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պետք է լինի, այլ կերպ ասած` դրանից օգտվողը պետք է հնարավորություն ունենա այն կրավորականորեն, եղածի պես չընկալելու, այլ ակտիվորեն, ստեղծագործաբար կերպարանափոխելու: Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է: Դյուին գրում է. ՙԵրևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այնպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ: Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն, ինչ մթագնված է՚:

Բառին ազատ տիրապետելը` բոլորին

Ոչ նրա համար, որ բոլորը նկարիչներ դառնան, այլ որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի
Մեր խնդիրն է ստեղծագործելու նկատմամբ սեր առաջացնել ու պատմություններ հորինելու եղանակները բազմապատկելով՝ երեխաներին օգնել դուռը շրջանցելով պատուհանից իրականություն մտնելու: Իրականության մեջ կարելի է շքամուտքից մտնել, բայց կարելի է և օդանցքից ներս սողոսկել, որն անհամեմատ ավելի զվարճալի է: Դա առավել օգտակար է, քանզի առավել հետաքրքիր է:

Ներկայացված հնարները առաջին հերթին նրա համար են, որ դրանց միջոցով երեխաների խոսքային (և ոչ միայն խոսքային) հմտությունները զարգանան:

Ինչպե՞ս երեխային, երեխաներին օգնենք, որ ինքնուրույն հորինեն: Թե´ մեկ երեխան, թե´ ամբողջ խումբը կարող են պատմություն հորինել, այն բեմադրել կամ տիկնիկային ներկայացման հիմք դարձնել, որպես կոմիքս կամ կինոնկար զարգացնել, ձայնագրել ու ընկերներին ուղարկել: Այս գործի տեխնիկան մանկական ցանկացած խաղի հիմքում կարող է դրվել:

Հովհաննես Թումանյան. հեքիաթներ 1991-1994

ԱՆՀԱՂԹ ԱՔԼՈՐԸԼինում է, չի լինում՝ մի աքլոր է լինում։ Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։ Կտուրն է բարձրանում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸՀորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով—թվանքով որսի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի․ գնացինք որսի․․․

Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար՝ սուսուփուս գնացինք, որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնացինք․․․

Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ․ երկուսը՝ ցամաք, մնի մեջ էլ իսկի ջուր չկա։ Մին էլ, ըհը՛, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի։

— Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

Թե՝ թվանք չունեմ։

— Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։

— Ես էլ չունեմ։

— Չատի․․․ Մատի․․․

— Մենք էլ չունենք։

— Բա ի՞նչ անենք․․․

Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար․ երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց․․․ Նա կրակեց, ես զարկեցի․ որ զարկեցի՝ փռվեց էսպես, ամեն թևը հինգ գազ ու կես․․․

— Հադի, դանա՜կ․․․

Թե՝ դանակ չունեմ։

— Հյուդի, դու․․․

― Ես էլ չունեմ․․․  – Չատի՞, Մատի՞․․․

– Մենք էլ չունենք։

– Բա ի՞նչ անենք․․․

Հերս էլ ունի, բերան չունի։

Էս անբերան դանակը քաշեցինք։ Հադին մորթեց, չկարաց․ Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես քաշեցի մորթեցի։

Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։

Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։

– Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։

Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք, կերա՜նք․ ոչ աչքերս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸԺամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Զեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  – Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

– Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

– Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

– Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

– Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակ<ը> տվի, տարավ։

– Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

– Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

– Բարի օր, ախպերացու։

– Աստծու բարին։

– Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

– Անց կացավ։

– Ի՞նչ ուներ շալակին։

– Եղ ու բրինձ։

– Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

– Բավականին ժամանակ կլինի։

– Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

– Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

– Բա ի՞նչպես անեմ։

– Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ – Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Եդեմական Ծաղիկը

Ժամանակով մեր աշխարհքում մի մարդ է լինում։ Էս վաճառականը ունենում է մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ։ Ծաղիկ որ ծաղիկ, էնքան քնքուշ, էնքան նախշուն, էնքան սիրուն է լինում։

Հերը անչափ սիրելիս է լինում աղջկանը։ Մի անգամ էլ օտարություն գնալիս հարցնում է․

-Ի՞նչ կուզես քեզ համար բերեմ։

Թե՝ եդեմական ծաղիկը կուզեմ ինձ համար բերես։

-Լավ,- ասում է,- կբերեմ։

Գնում է, աշխարհքից աշխարհք անց է կենում, իր առուտուրն անում է, իր գործը պրծնում, ուզում է աղջկա համար էլ եդեմական ծաղիկը գտնի, որ տուն գա։ Դես է հարցնում եդեմական ծաղիկ, դեն է հարցնում եդեմական ծաղիկ, ոչով չի իմանում, թե ինչ բան է եդեմական ծաղիկը կամ որտեղ է բացվում։ Վերջը մի ծեր մարդ է պատահում։ Էս ծեր մարդը մի ճամփա է ցույց տալի, ասում է՝ էս ճամփով որ գնաս, էսինչ տեղը կգտնես քո հարցրած ծաղիկը։ Բայց զգույշ կաց Սիպտակ դևից, նա եդեմական ծաղկին հսկում է։

Հորը սիրտ է։ Ծերունու ցույց տված ճամփեն բռնում է, գնում։ Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, դուրս է գալիս էնտեղ, որտեղ բացվում է եդեմական ծաղիկը։ Հենց հասնում է, ծաղիկը պոկում է թե չէ՝ մի հողմ, մի փոթորիկ է վեր կենում, փոթորկի հետ հայտնվում է մի հրեշ։ Մարդ ասես, մարդ չի, գազան ասես, գազան չի, բայց գազանի նման մռնչում է․

-Ո՞ւր պոկեցիր իմ ծաղիկը․․․ քո մահն է հիմի․․․  -Քո մահն է հիմի․․․-ձեն է գալի ամեն կողմից․․․

Մարդը ոչ մեռած, ոչ կենդանի՝ հրեշի առաջն է ընկնում։

-Ների՛ր,- ասում է,-ո՛վ հզոր․․․ իմ աղջիկն էր ուզել․․․

-Կներեմ,-կանչում է հրեշը,-միայն էն պայմանով, որ էդ աղջիկը ինձ տաս։

-Համաձայն եմ։

– Որ համաձայն ես, քեզ եմ բաշխում քո կյանքը։ Գնա։ Հենց որ ձեր տան դիմացի սարը սիպտակի, էդ իմ նշանն է, կգամ Ծաղկին տանելու։

Դու մի ասիլ՝ Սիպտակ դևը ինքը՝ հրեշն է, որ կա։ Վաճառականը վերադառնում է տուն։ Աղջիկը միամիտ առաջն է վազում, վզովը փաթաթվում։ Աղջիկը նայում է, տեսնում է՝ էս ծաղկի թերթի վրա՝ մի դագաղի պատկեր, գլխի է ընկնում, որ միջում բան կա, իսկ հերը թաքցնում է, թե ինչ ծաղիկ է և ինչ է պատահել։ Հերը համբուրում է, եդեմական ծաղիկը տալիս իրեն, իսկ պատահած դեպքն ու իր խոստումը թաքցնում է։ Թաքցնում է, բայց ինքն իր մեջ միտք է անում ու տխրում։ Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սիպտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։

-Բան չկա, հայրիկ- ասում է Ծաղիկը,- դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։

Այնինչ Սիպտակ դևը արդեն դուռը կտրել է ու մռնչում է․

– Ո՜ւր է Ծաղիկն, ո՜ւր․․․ ինձ տո՜ւր․․․

Մռնչում է, ու նրա սառը շնչից դողում են ծառերը, աշխարհքը՝ գունատվում․ ի՜նչ պետք է անեին խեղճ մարդիկը։ Զուգված, զարդարված, եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալի Ծաղիկը, անձնատուր լինում Սիպտակ դևին, որ չարախինդ սուլոցով ու ագահ ոռնոցով, սառով, սևով, հողմի թևով իսկույն հափշտակում է, տանում։ Տանում է Մասիսի մեծ վիհը։ Էնտեղ, Մասիսի էն մեծ վիհում, էն անմատչելի, միշտ մռայլ ու միշտ սառն աշխարհքում կանգնած էր իր սառցեղեն ապարանքը։ Էն ապարանքից իջնում էր նա, սառով ու սարսափով աշխարհքը պատում, հափշտակում ամեն կյանք ու կենդանություն։ Ծաղիկին էլ տանում է, փակում էն բյուրեղյա ապարանքում։

Էսպես ամիսներ են անց կենում։ Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։ Աղջիկը արդեն Արագածի ստորոտն է լինում հասած։ Ետ է նայում, տեսնում է՝ Սիպտակ դևը գալիս է։ Գալիս է, ո՜նց է գալիս, աստված ետ ու հեռու անի, ոնց որ մարտի քամի լինի։ Սարսափից ճչում է, օգնություն է կանչում։ Կանչելու հետ, աստծու հրամանով, առաջը մի դուռն Է բացվում։ Էն դռնովը մտնում է սարի մեջն, ու կրկին դուռը փակվում է դևի առաջին։

Ավելի է կատաղում Սիպտակ դևը․ իր լայն թևերով բամփում Է Արագածի գագաթին ու մռնչում․

– Ո՞ւր Է Ծաղիկն, ո՛ւր․․․ ինձ տո՛ւր․․․

Սա էստեղ թող մռնչա, մենք գնանք Ծաղիկի ետևից, տեսնենք՝ էն կախարդական դռնից որ մտավ, ինչ եղավ։

Ծաղիկը էն կախարդական դռնից ներս է մտնում թե չէ՝ դուրս է գալի մի դրախտական այգի, որտեղ հազարավոր ձայներ երգում են․

Զմրուխտ պալատում, ոսկի դագաղում,
Պառկած է չարի ուժով կախարդված,
Պառկած է Արին ոչ մեռած, ոչ քուն,
Ու աշխարհքն ամեն սև սուգ է մտած։

Պառկած է մինչև օրը ցանկալի,
Էն պայծառ օրը, երբոր նա կըգա,
Կըգա նոր կյանքով ու նոր սիրով լի,
Կարտասվի անույշ ու համբույր կըտա:

Առաջ է գնում Ծաղիկը, հանկարծ այգին լցվում է զվարթ աղմուկով, ու տարածվում են ուրախ երգի ձայները․

Ահա եկավ, հասավ չքնաղ
Իր թագուհին, իր սիրելին,
Հիմի կելնե պաղ դագաղից
Մեր քաջ Արին-Արմանելին։

Հիմի կելնի թագավորը,
Հըզոր Արին-Արմանելին,
Ու կըժպտան վառ աչքերը
Ողջ աշխարհքին, ծաղկին, ծըլին։

Հիմի կընկնի կախարդանքը
Չար թշնամու, Սիպտակ դևի,
Հիմի կըգա դալար կյանքը,
Բույրը ծաղկի, շողն արևի։

Եվ ճիշտ որ, Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ սիրտը փուլ է գալի, էլ չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած սոսիներից մինը։

Դու մի՛ ասիլ՝ հենց ինքը՝ Արին-Արմանելին է, որ կա։

– Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ,- հարցնում է Արին-Արմանելին,- և ինչպե՞ս ընկար էս աշխարհքը։

Ու Ծաղիկը կանգնում պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես ինքը գերի էր եղած Սիպտակ դևին, որ այժմ էլ ետևիցն է ընկել ու հալածում է իրեն։

– Լսում եմ, լսում եմ նրա դաժան ձենը,- պատասխանում է Արին-Արմանելին։- Ինձ էլ նա է կախարդել ամիսներ առաջ ու գցել էս մահանման քնի մեջ։ էսպես է անում ամեն տարի։ Պետք է էսպես էլ մնայի, մինչև մինը խորտակեր նրա չար կախարդանքը։

Դու եղար էդ մինը։ Այժմ ես դուրս կգնամ նրա դեմ։

Ասելն ու անելը մին է լինում։ Առնում է կայծակի թուրը ու դուրս է գալի։ Երկու թշնամի ուժերը պատահում են իրար, բացվում է օրհասական կռիվը։ Զարկում են—զարկվում, երկինք ու գետինք իրար են խառնվում։ Մութն ամպերում մռնչում Է Սիպտակ դևը, Արին—Արմանելին ահավոր որոտում ու շողացնում է կայծակի թուրը․ երկիրը ղողում, դղրդում է հիմքից։ Կռվի վերջում պարտված—ջարդված Սիպտակ դևը վշշալով ու թշշալով, լացով ու թացով քաշվում է նորից իր մռայլ թագավորությունը, Մասիսի էն մեծ վիհը, դարձյալ փակվում Է իր բյուրեղյա սառն ապարանքում։ Աշխարհքը մնում է գեղեցիկ հաղթողին։

Ու աստվածային հանդես է բացվում Արաքսի հովիտում։ Արին—Արմանելին պսակվում Է Ծաղկի հետ։ Բնությունը առատորեն փռում է իր փարթամ վարդերն ու զարդերը, ինս ու ջինս, մրջյուն ու թռչուն իրար են խառնում իրենց զվարթ աղմուկն ու աղաղակը, խաղն ու տաղը, ամենի վրա հոյակապ կամար է կապում կանաչ—կարմիրը՝ ծիածանը, իսկ նրանց վերև ճառագում, աշխարհքովը մին ժպտում է գարնան կենսատու արևը։

ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆԼինում է, չի լինում՝ մի կնիկ։ Էս կնիկը մի աղջիկ է ունենում, անունը՝ Հուռի։ Մի ծույլ, անշնորհք աղջիկ։ Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած։

Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է։
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ․
Ուտեմ, խմեմ,
Մըթնի, քընեմ։

Հարևանները անունը դնում են Անբան Հուռի։ Ինչ մերն է՝ աղջկանը գովելով ման է գալի․ լիդրը գզող, լիդրը մանող, հա՛մ խճճող, հա՛մ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով՝ հուրի-հրեղեն, մատները՝ ոսկի։

Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում։ Էս երիտասարդ վաճառականն ասում է՝ իմ ուզածն էլ հենց սա է, որ կա։ Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը։ Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե՝ ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ, տանեմ ծախեմ, հարստանանք։

Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի։ Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կոկռում են։  – Փե՛փել․․․ Կե՛կել․․․ Փե՛փել․․․ Կե՛կել․․․

– Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,— ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․

– Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․

Անբան Հուռին ուրախանում է։ Գնում է, բամբակը կրում, բերում, ածում գետը։

– Դե գզեց ե՛ք, մանեցե′ք։ Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք։

Գնում է, մի քանի օրից ետ է գալի։ Գորտերը էլի կռկոում են,

– Փե՛փել-Կեկել․․․ Փե՛փել-Կեկել․․․

– Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք։

Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում։

Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը։

– Վո՛ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի․

– Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք։

Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։

– Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

Թե՝ բա չես ասիլ, բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի, բամբակի փողն է։

Մարդը ո՜նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք։ Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել։ Քեֆ է սարքում, նստում են քեֆի։

Զոքանչը խորամանկ կին է լինում։ Իմանում է, թե բանը ինչպես է պատահել, վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի։ Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում։ Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալի բզեզին։ Ասում է․

– Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես, ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում․․․ Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրն ընկնես․․․

Փեսեն մնում է զարմացած։ Ասում է․

– Ա՛յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց, էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում, մորքո՞ւրս որն է․․․

Զոքանչը թե․

– Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։

Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի․ էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա։

ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

– Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

– Անունդ ի՞նչ է, բարեկամ։

– Հասան։

– Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտեր Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի, բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

ԲԱռավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Զանցառուների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,— զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

ԳԱռավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՜, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

ԴԱռավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը։ — Էստե՞ղ է կենում քեֆ սիրող Հասանը։

— Ես եմ,— պատասխանեց զարմացած Հասանը։

— Թագավորի հրամանով հետևիր մեզ։

Ուղիղ պալատը տարան Հասանին։ Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել։ Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև։ Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը։ Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե՝ գնա՛, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու։

Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու։

Գնաց, մոտեցավ Հասանի տանը։ Ականջ դրեց։ Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաժշտությունը։ Հասանը քեֆ է անում դարձյալ։ Ներս մտավ։

— Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, արի, է՛․ երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

— Ի՜նչ ես ասում։

— Աստված վկա։

— Եվ երևի շատ փող է տվել․․․

— Չէ՜, ինչ փող․ մի գրոշ չտվին։ Դատարկ տուն ղրկեցին։

— Հապա որտեղի՞ց ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում։

— Նստի՛ր, ասեմ որտեղից։ Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ․ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

— Հա՛, հա՛, հա՛,— ծիծաղեց դերվիշը։— Լավ անելը՝ լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե՝ կտրի էս հանցավորի գլուխը, ի՞նչ ես անելու։

— Բերանդ բարի բաց արա, ա՛յ չարագուշակ դերվիշ,— բարկացավ Հասանը։ Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել…

Ու շատ վշտացավ Հասանը։ Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի։

ԵԻրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի։

— Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը։

— Ապրած կենաս, մեծ թագավոր,― պատասխանեց սարսափած Հասանը,— ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող։ Փորձված մարդիկ շատ կան քո պալատում․ հրամայի մի ուրիշը կտրի․․․

— Ես քեզ եմ հրամայում,— սաստեց թագավորը,— եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի։ Հանի՛ր թուրդ․․․

Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք․

— Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես։ Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը․․․

Ասավ, դուրս քաշեց թուրը․․․ Փա՜յտ։ Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած։ Էստեղ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև։ Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե՛ ուրախություն սիրող Հասանին, թե՛ թագավորին։ Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին։ Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով՝ հռչակեց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորցնի ուրախ ապրել աշխարհքում։

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

1

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։

2Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն—իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ—հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։

—Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա—չկա՝ էս ավազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։

3Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աոտծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար

— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

Բարով եկար, հազար բարի,
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըղ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

4Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում՝ գլխավերևը քառասուն լրդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․

— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար,

Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

5Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը՝ մի աստված, ներքևը՝ մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում։ Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա— հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ—հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել․․․ տվե՛ք, հա տվե՛ք․․․

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ—հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է․ «Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել, նստել․․․ էնքան պետք է քշեի ո՜ր․․․»։

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,

Ո՜վ Քաջ Նազար։

 

Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,

Ո՜վ Քաջ Նազար։

Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

– Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։

– Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։

– Արեգակ նոր շաղեշաղ,
Էն ո՞ւմ նըման էր։

– Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ֊յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։

Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ–յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։

6Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է՝ իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է Նազարը․ դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են՝ ուզում էր իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է․․․

Բերում են, զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին՝ իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե՝ Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատած բերում են․․․

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով․ «Կեցցե՛ Քաջն Նազա՜ր․․․ մա՛հ թշնամո՜ւն․․․»։

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է՝ վրեն ինչ անպետքի մինն է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են՝ Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է՝ չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառից փաթաթվի, դու մի՛ ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս, մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին, ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս,— փախի՛, որ փախի՛, թե մարդ ես՝ գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով, գալիս է․․․  Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է՝ կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված։

Էսպես առքով—փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է՝ աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸՄի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ։

Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում։ Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը։ Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում։ Էս ծառը որ տեսնում է՝ իրեն—իրեն միտք է անում․

— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս։ Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի․․․

— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ․․․

Տեղնուտեղը ծառի տակին նստում է, սկսում է սուգ անել։

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում։ Ասում է․

— Գնա՛ մի տես, քույրդ ընչի ուշացավ։

Միջնեկ աղջիկն է գնում։

Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է՝ ձենն ավելի է բարձրացնում։  — Արի՛, արի՛, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ։

— Ի՞նչ Կիկոս։

— Բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

— Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ,— գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել։

Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում։ Ասում է․

— Աղջի, մի գնա տես քույրերդ ինչ եղան։ Գնացին ետ չեկան։

Հիմի պստիկ աղջիկն է գնում։ Գնում է տեսնում երկու քույրն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում։

— Քա՛, ընչի՞ եք լաց ըլում։

Մեծ քույրը թե՝ բա չես ասիլ․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

— Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,— սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն ձենի տալիս։  Մերն սպասում է, սպասում, տեսնում է՝ աղջիկները չեկան, ինքն է գնում։

Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ՝ երեք աղջիկն էլ կանչում են․

—Արի՛, արի՛, անբախտ տատի, տե՛ս թոռանդ գլուխն ինչ է եղել։

— Ի՞նչ թոռ, ա՛յ աղջկերք, ի՞նչ է պատահել։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ մեր․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

— Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան,— մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել։

Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից, ու սա էլ չեկավ։ Ասում է՝ մի գնամ տեսնեմ՝ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը։

Վեր է կենում գնում։

Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի․

— Արի՛, արի՛, անբախտ պապի, արի տես՝ քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել․․․ վա՛յ քու Կիկոսին․․․

— Ի՞նչ Կիկոս, ի՞նչ եք ասում։

Մեծ աղջիկը թե՝ բա չես ասիլ, ա՛յ հեր․

Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,

Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։Սրանց միջի խելոքը հերն է լինում։ Ասում է․
— Վա՜յ, Կիկոս ջա՜ն,— ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք։

Դու մի՛ ասիլ՝ սրանց ունեցած—չունեցած չորսոտնանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ՝ մի քթոց ալյուր։

Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են։

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՀԵՔԻԱԹԸԺամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը՝ Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած—չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։

Մի օր եզնիքը սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե մի բան, որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեմ, գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ՝ ընկնի մեջը։

Ասածն արած է։

Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում—թրըխկ հա թրըխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։

Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է՝ մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ, չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի․ բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է՝ կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։

Դու մի ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է՝ էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում, գնում։

Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։

Միտք է անում․ «Ի՞նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՞ւր գնամ»։

Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ, էնպես գնամ կնկանս մոտ։

Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։

Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի՝ ով կա, ով չկա․ հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։

Փանոսը ցավից վայ—վայ անելով ետ է դառնում, շներն էլ ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է՝ շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա՝ սա սատանա է։

Բավական տեղ ղչրղու տալով, հայհոյելով, հարա—հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում։  Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում․ գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված,ինքը չկա,

Դես Փանոս, դեն Փանոս․ հարցուփորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։

— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

Թե ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափի վեր ածած էր, հավաքեցի, բերի։

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ Փանո՜ս, Փանո՜ս, Փանոսը չկա։

Վճռում են, որ Փանոսը խեղդվել է։

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում․ հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

Հովհաննես Թումանյան. հեքիաթներ 1908

ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ

1

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

– Տե՛ր աստված,- ասում է,-սա էլ, որ մեզ նման շունչ-կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում, թե՞ չէ․․․

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

– Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․

Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։

– Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, ապրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։

Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։

– Տո՛, ախմախ,- ասում է,- ես էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ․․․ Դե գնա՛ կորի՛, էլ իմ աչքին չերևա՛ս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա՛, սովից մեռի՛։

Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։

-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ․․․- տարակուսած մտածելով, դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։

Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հրեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։

{{Կենտրոն|2}

– Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հրեշը։

Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես՝ հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կնիկը։

– Լսի՛, բարեկամ,-ասում է Հրեշը։- Էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։ Երեք տարին լրացավ թե չէ՝ հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ, կանեմ։ Համաձայն ե՞ս։

– Մի բան, որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ո՛վ գիտի․․․

-Համաձայն եմ,- ասում է ու կովն առաջն անում, տանում տուն։

3Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ Հրեշն էն գիշեր պիտի գա։

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

– Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

– Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

– Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

– Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։

Համաձայնում են, հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

– Ո՞վ է։  – Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

– Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

– Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։

– Ո՞րտեղից ես եկել։

– Ծովի էն ափից։

– Ընչո՞վ ես եկել։

– Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

– Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

– Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

– Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

– Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

– Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

– Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

– Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

– Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

– Ուրեմն՝ մարդը թզուկ է։

– Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

– Ուրեմն՝ խուլ է։

– Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

– Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․

– Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

– Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

– Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

ԽԵԼՈՔՆ ՈՒ ՀԻՄԱՐԸԵրկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

– Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

– Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

– Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

– Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

– Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

– Մոզին ուզում ե՞ս։

– Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

ՈՍԿՈՒ ԿԱՐԱՍԸ

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

– Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

– Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

– Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․

Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեգ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։

Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆԱստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

– Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

– Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

– Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  – Էդ ո՞ւր եկար։

– Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

– Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

– Էդ ո՞նց կլինի․․․- զարմանում է ծառան։

– Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։

– Չէ՛, չեմ բարկանում․․․ ես միայն ասում էի՝ հոգնած եմ․․․ Մի քիչ հանգստանամ․․․- կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։

Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ՝ դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։

– Վա՜յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ․․․- սկսում է հայհոյել հուսահատված։

– Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը։- Երբոր բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես, թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։

Ու պայմանի ուժով ստիպում է՝ ծառան կամ հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի։

Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար, հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելը անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալի հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։

– Հը՜, ի՞նչ արիր,- հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլուխն եկածը պատմում, ինչպես որ պատահել էր։

– Բան չկա,- ասում է փոքրը,- դարդ մի անի, դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։

Վեր է կենում, հիմի էլ փոքր ախպերն է գնում, ծառա մտնում է′լ նույն հարուստի մոտ։

Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա, ու էն օրից էլ ծառան ազատ է։

– Չէ՛, էդ քիչ է,- հակառակում է տղեն։- Թե դու բարկանաս, դու ինձ երկու հազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու հազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։

– Լա՛վ,- ուրախանում՝ Է հարուստը։ Պայմանը կապում են, ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։

Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղիցը։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։

– Ա՛յ տղա, դե վեր կաց, է՛, օրը ճաշ դառավ։

– Հը՞, բարկանո՞ւմ ես դու․․․— գլուխը վեր է քաշում ծառան։

– ՉԷ՛, չեմ բարկանում,- վախեցած պատասխանում է տերը,- միայն ասում եմ՝ պետք Է արտը գնանք հնձելու։

– Հա՛, որ էդ ես ասում, ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։

Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։

– Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜․․․

– Հը՜, հո չե՞ս բարկանում։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք․․․

– Հա՛, էդ ուրիշ բան, է․ թե չէ՝ պայմանը պայման է։

Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։

– Էլ ինչ հնձելու ժամանակն է,- ասում է ծառան,- տեսնում ես՝ ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։

Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է․ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանա՞նք, թե չէ»։ Գլուխը կոխում՝ է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։

– Տո՛, վեր կաց, է՛, մթնեց, է՜, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց․․․ Վա՜յ, քու դեսը ղրկողի վիզը կոտրի, վա՜յ, քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ․․․ Էս ինչ կրակի մեջ ընկա․․․- սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։

– Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։

– Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես․ վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։

Գալիս են տուն։ Տեսնում են՝ հյուր է եկել։

Ծառային ղրկում է թե՝ գնա ոչխար մորթի։

– Ո՞րը։

– Որը կպատահի։

Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս հարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։

Գլխին տալիս է, գոռում․

– Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր․․․

– Դու ասիր․ «Ո՛ր ոչխարը պատահի՛, մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին, բոլորը մորթոտեցի, ուրիշ ավել–պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,- բայց կարծեմ դու բարկանում ես․․․

– Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ․․․

– Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։

Հարուստը մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան կկվի ձենը ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն․․․

Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է, անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է, ծառային տանում, թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է․ «Կուկո՛ւ, կուկո՛ւ»․․․

– Ըհը՜, աչքդ լուս,- ասում է ծառային տերը,- կկուն կանչեց, ժամանակդ լրացավ․․․

Տղեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։

– Չէ՛,- ասում է,- ո՞վ է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կիսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է․․․

Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը․

– Վա՜յ, չզարկես, աստծու սիրուն․․․ սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը․․․

– Հը՞, չլինի՞ թե բարկանում ես․․․

– Հա՛, ախպեր, հերիք էր․ արի՝ ինչ տուգանք տալու եմ, տամ, քեզանից ազատվեմ։ Իմ գրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը, թե՝ «Մարդ ինչ անի, իրեն կանի»։

Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

ԿՌՆԱՏ ԱՂՋԻԿԸԺամանակով լինում են, չեն լինում՝ մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսի կտոր, անունն էլ Լուսիկ։

Ախպերը պսակվում է, կնիկ է բերում։

Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս՝ հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը՝ միրգ, մի ուրիշ անգամ՝ հագուստ։

Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից։

Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։

Մտածում է, մտածում է, մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով է տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը։

Որ տեսնում է՝ մարդը գալիս է, սկսում է լաց լինել։

– Ա՛յ,— ասում է,- էս էլ քու սիրած քույրը, տանը ինչ ունեինք֊չունեինք՝ ջարդեց։

– Բան չկա, ա՛յ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում, էդ բոլորն առնելու բաներ են։ Աման է՝ կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք։

Կինը տեսնում է, որ էս մինը չեղավ։ Մյուս անգամ, երբ մարդը դուրս է գնում, նրա սիրած ձին տանում է, քշում, կորցնում ու գալիս ձեռները ծոցին՝ կտերը կանգնում, մինչև մարդը ետ է գալի։

– Ա՛յ,- ասում է,-էս էլ քու սիրած քույրը, քու էն լավ ձին դուրս է արել, կորցրել, մեզ էսպես տնաքանդ է արել։

Մարդը ասում է․

– Բան չկա. ձի է, կորել է, կաշխատեմ, մի ուրիշ ձի էլ կառնեմ, բայց հո չեմ կարող մի ուրիշ քույր առնել։

Չար կինը տեսնում է, որ էս անգամ էլ զուր անց կացավ, ավելի է կատաղում, իրեն ուտում։

Մի գիշեր էլ, քնած ժամանակը, իր երեխին օրորոցումը մորթում է, արնոտ դանակը թաքուն գնում քնած Լուսիկի գրպանը։

Գիշերվա մի ժամանակը մազերը շաղ է տալի, երեսը պոկում, ճչում, ծղրտում․

– Վա՜յ, երեխես, երեխես․․․

Տանըցիք վեր են թռչում, տեսնում՝ երեխեն օրորոցումը մորթած։ Մնում են սարսափած, սասանած կանգնած։ Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինիլ․․․

Հարսն ասում է․

– Էլ ո՞վ պետք է լինի, էս տունը մեզանից բացի հո էլ ուրիշ մարդ չի մտել, ման գանք, ում գրպանում արնոտ դանակը գտնենք, նա կլինի։

Համաձայնում են։ Ման են գալի, ու․․․ արնոտ դանակը հանում են Լուսիկի գրպանից։

Մնում են քար կտրած, բայց էլ ի՞նչ․․․

– Է՛ս էլ քու սիրած քույրը,- ճչում է չար կինը ու երեսը պոկում. «Երեխե՜ս․․․ երեխե՜ս․․․»։

Առավոտը լուսի հետ՝ աշխարհքով մին լուրը տարածվում է։ Ժողովուրդը վրդովվում է, դատաստան է պահանջում, մայրը լալիս է, դատաստան է պահանջում, ու գեղեցիկ Լուսիկին քաշում են դատաստանի դուռը։ Դատում են, վճռում, կռները կտրում են ու էնպես, կռնատ, տանում, հեռացնում, կորցնում են հեռո՜ւ, հեռո՜ւ անտառներում։

Էսպես կռնատ, մեն-մենակ թափառում է Լուսիկը անբնակ անտառներում։ Շատ թափառելուց թփերն ու փշերը հագի շորերը տանում են, մնում է տկլոր։ Մոծակներն ու մժեղները կծոտում են, ձեռ չի ունենում թե քշի, մտնում է մի ծառի փչակ։  Օրերից մի օրը թագավորի տղեն էս անտառը որսի է գալի։ Որսի շները անտառում էս ու էն կողմն են ընկնում, մի ծառի շրջապատում ու սկսում են հաչել։

Թագավորի տղեն, իր հետի մարդիկը մտածում են, թե շները երևի գազանի հետքի վրա են ընկել կամ որջ են գտել, ու սկսում են շներին հիս անել։

– Հիս մի՛ անիլ ինձ վրա, թագավորի որդի,- ձեն է տալի աղջիկը ծառի փչակից,- ես մարդ եմ, գազան չեմ։

– Թե մարդ ես, դե դուրս արի։

– Չեմ կարող, մերկ եմ, ամաչում եմ։

Թագավորի տղեն ձիուց իջնում է, վերարկուն հանում տալի իր մարդկանց, որ տանեն գցեն աղջկա վրա։ Վերարկուն տանում են, գցում են աղջկա վրա․ դուրս է գալի մի սիրուն, մի աննման աղջիկ, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու մտիկ անես։ Թագավորի տղեն հայիլ-մայիլ է մնում։

– Ո՞վ ես դու, սիրուն աղջիկ, ի՞նչ ես շինում էս անտառում, ի՞նչու ես մտել էս ծառի փչակը․․․

– Ես մի էսպես աղջիկ եմ․ աշխարհքումը մի ախպեր ունեմ, բայց ախպերն էլ է ինձ թողել, աշխարհքն էլ․․․

– Ախպերդ էլ է քեզ թողել, աշխարհքն էլ, բայց ես չեմ թողնիլ,- ասում է արքայորդին ու առնում է Լուսիկին, տանում իրենց տունը։

Տանում է իրենց տունը, հորն ու մորը հայտնում, թե պետք է պսակվի նրա հետ։

– Թե սրա հետ կպսակվեմ՝ լավ, թե չէ հո՝ ինձ մի փորձանքի կտամ։

Հերն ու մերն ասում են․

– Ա՛յ որդի, աշխարհքի աղջիկները հո վերջացել չեն․ թագավորների աղջիկներ կան, նազիր-վեզիրների աղջիկներ կան, հարուստ, գեղեցիկ․․․ Էդ կռնատ, տկլոր, անտեր աղջիկն ո՞վ է, որ դու դրան ուզում ես։

– Չէ՜, որ չէ․․․

Հերն ու մերը ճարահատված իրենց քաղաքի խելոք մարդկանց հավաքում են, մի խորհուրդ են հարցնում, թե ինչպես անեն, իրենց որդուն էդ կռնատ աղջկա հետ պսակեն, թե չէ։  Խելոք մարդիկ ասում են․

– Մարդ ու կնկա բախտը որ կա՝ սրտիցն է։ Ձեր տղի բախտն էլ, երևի, էդ աղջիկն է, որ սիրտը կպել է դրան։ Աստված դրանց համար էլ էդպես է բարի տեսել։

Էս որ լսում են, հերն ու մերն էլ համաձայնում են, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք են անում, ու թագավորի տղեն ամուսնանում է գեղեցիկ Լուսիկի հետ։

Միառժամանակ անց է կենում, էս թագավորի տղեն գնում է հեռու երկիր։ Գնալիս տանը պատվիրում է, որ երբ կինը ծնի, իրեն տեղեկություն գրեն։ Պատվիրում է ու գնում։

Սրա գնալուց մի քանի ամիս անց է կենում, Լուսիկը ազատվում է, մի սիրուն, շարմաղ, ոսկեգանգուր տղա է ծնում։

Թագավորն ու թագուհին էնպես ուրախանում են, էնպես ուրախանում են, որ աշխարհքովը մին են լինում։ Աչքալուս են գրում, նամակը տալիս են սուրհանդակին, ուղարկում են։ Դու մի ասիլ, էս նամակ տանողը գնում է, ճանապարհին հյուր է ընկնում Լուսիկի եղբոր տանը ու գիշերը մնում է նրանց մոտ։ Իրիկունը զրույց անելիս պատմում է, թե՝ հապա՜, էսպես-էսպես մի բան է պատահել, ու հիմի աչքալուսի թուղթ եմ տանում թագավորի տղին։

Չար հարսը էստեղ գլխի է ընկնում բանը։ Գիշերվա մի ժամանակը վեր է կենում, էս մարդի գրպանից նամակը հանում, կրակը գցում ու ինքը մի նոր նամակ գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ հապա չես ասիլ, քու գնալուց ետը կինդ ծնեց, մի շան լակոտ բերա՜վ․․․ Էսպես խայտառակվեցինք աշխարհքի մեջ․ հիմի քեզ իմացնում ենք․ գրի, ինչ անենք, ինչ չանենք։

Սուրհանդակը էս նամակը տանում է տալի թագավորի տղին։ Կարդում է թագավորի տղեն ու շա՜տ-շա՜տ վշտանում։ Հորն ու մորը նամակ է գրում, թե՝ իմ բախտն էլ երևի էդ է եղել, ինչ որ աստված տվել է, իմն է, պահեցեք, կնկանս էլ մի թթու խոսք չասեք, մինչև ես գամ։

Գրում է, նամակը տալի սուրհանդակին, ետ ղրկում։ Էս սուրհանդակը վերադարձին գալիս է կրկին իր հյուրատունը ու էլի գիշերը մնում է նրանց մոտ։ Չար հարսը գիշերվա մի ժամանակն էլի վեր է կենում, սրա գրպանից թագավորի տղի նամակը հանում, գցում կրակը, ինքը մի նորը գրում, դնում տեղը։ Գրում է, թե՝ իմ կինն ինչ որ ծնել է, իր ծնած շան լակոտը դոշիցը կկապեք ու դուրս կանեք, կկորցնեք, որ ես չգամ ու մեր տանը տեսնեմ, թե չէ՝ ինձ մի փորձանքի կտամ։

Հերն ու մերը էս նամակը որ ստանում են, մնում են զարմացած։ Ասում են․

– Էս ի՞նչ բան է․ ինքը բերավ մեր կամքին հակառակ հետը պսակվեց, հիմի էլ գրում է, թե՝ դուրս արեք․․․

Շատ են տխրում, շատ է մեղքները գալի, բայց ինչ որ գրել էր՝ պետք է կատարեին։

Բերում են, երեխեն կապում են մոր դոշիցը, լաց են լինում, օրհնում են ու իրենց տանիցը դուրս են անում։

Երեխեն դոշիցը կապած՝ Լուսիկը գնում է լալով։ Անց է կենում խոր ձորեր, մութ անտառներ, անբնակ դաշտեր, ընկնում է մի անջուր, ամայի անապատ։

Էս անապատում ծարավ, ջրչոր՝ գնում է․ շատ է գնում, թե քիչ է գնում, շատն ու քիչն էլ աստված գիտի, հասնում է մի ջրհորի։ Նայում է ջրհորի մեջը, աչքին թվում է, թե ջուրը մոտիկ է։ Կռանում է թե ջուր խմի, երեխեն գրկիցը ընկնում է ջրհորի մեջը։ Ճչալով ջրհորի էս կողմն է թռչում, էն կողմն է թռչում։ Հանկարծ ետևից մի ձեն է գալի․

– Մի՛ վախիլ, աղջիկ ջան, մի՛ վախիլ, հա՛նի․․․

Ետ է նայում, տեսնում՝ սիպտակ միրուքը մինչև գոտկատեղը մի ծերունի։ Ասում է․

– Ո՞նց հանեմ, չեմ կարող, պապի ջան, ձեռներ չունեմ։

– Հա՛նի, հա՛նի, աղջիկ ջան, ձեռներ ունես, մեկնի․․․

Լուսիկը կռները մեկնում է, ձեռները բացվում են, ու երեխեն ջրհորից հանում է։ Ետ է դառնում թե շնորհակալություն անի, տեսնում է՝ ծերունի չկա, աներևութացել է։

Սրան էստեղ թողնենք իր երեխի հետ ու հիմի ո՞ւմնից տեղեկություն տանք։ Հիմի տեղեկություն տանք թագավորի տղիցը։

Թագավորի տղեն օտարությունից վերադառնում է, ամեն բան իմանում է ու էլ տուն չի մտնում, դռնիցը ետ է դառնում, գնում է աշխարհքեաշխարհք ման գա, որ իր կնկանն ու երեխին գտնի։

Գնում է ման է գալի, էս կողմը՝ հարցուփորձ, էն կողմը՝ հարցուփորձ, մի տեղ պատահում է մի մարդու։

– Բարի օր։

– Աստծու բարին։

– Ո՞ւր, առաջ բարի։

– Իմ քրոջն եմ ման գալի։

– Դե մին չլինենք, երկու լինենք, գնանք, ես էլ իմ կնկան ու երեխիս եմ ման գալի։

Ընկերանում են, գնում են ման գալի, մի տարի, երկու տարի, երեք տարի, ո՛չ տեղն են իմանում, ո՛չ տեղեկությունը։ Վերջը գալիս էս թագավորի տղեն մի մեծ ճանապարհի վրա քարվանսարա է պահում, ընկերն էլ իր տունուտեղը, իր կնկանը բերում է ու էնտեղ ապրում են, որ գուցե թե գնացող-եկողից մի բան իմանան։

Մի անգամ էս քարվանսարի դուռն է գալի մի աղքատ կին իր փոքրիկ տղի հետ։

Թագավորի տղեն իր ընկերոջը ասում է․

– Եկ ներս կանչենք էս աղքատ կնկանն ու իր երեխին։ Սրանք լավ հեքիաթներ են գիտենում ու լավ էլ պատմում են․ հեքիաթ կպատմի, մենք էլ դարդի տեր մարդիկ ենք, կլսենք, գիշերն անց կկենա։

Ընկերոջ կնիկն էն կողմից հակառակում է, թե՝ մենք հազիվ ենք տեղավորվում, դրանց ո՞րտեղ բերենք։

Թագավորի տղեն որ շատ խնդրում է, ներս են թողնում մուրացկան կնկանն ու իր երեխին։ Մերը պատի տակին կուչ է գալի, երեխեն էլ կողքին։ Թագավորի տղեն ասում է․

– Քուններս չի տանում, քուրիկ, հեքիաթից, առակից կիմանաս, պատմի լսենք, գիշերն անց կենա։

– Ես ո՛չ հեքիաթ գիտեմ, ո՛չ առակ,- պատասխանում է աղքատը,— ես մի ճշգրիտ պատմություն գիտեմ, մի պատահած դեպք և շատ հետաքրքրական, թե կուզեք, պատմեմ, լսեցեք։

– Լավ, էդ պատմի։

Ու աղքատ կինը սկսում է պատմել։ – Մի ժամանակ մի աշխարհքում լինում են, չեն լինում՝ մի քուր ու մի ախպեր են լինում։ Ախպերը պսակվում է, կին է բերում, մի չար ու նախանձոտ կին։

Տանտիկինը էն կողմից բարկանում է․

– Հը՛, սկսեց գլխիցը դուրս տալ։

– Ա՛յ կնիկ, ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ես խանգարում, թող պատմի,- նեղանում է մարդը։- Պատմի, քույրիկ, դու պատմի․․․

Աղքատ կնիկը շարունակում է իր հեքիաթը․

– Քույրը մի գեղեցիկ ու բարեսիրտ աղջիկ է լինում, ամենքը սիրում են նրան։ Ախպերն էլ ամեն տուն գալով միշտ նրա համար մի բան է բերում՝ կամ ծաղիկ, կամ միրգ, կամ հագուստ և կամ թե չէ՝ մի քաղցր խոսք է ասում։ Նախանձում է չար հարսը, հնարքներ է մտածում, թե ինչպես անի, որ կորցնի գեղեցիկ աղջկանը։

– Հը, դե տեսեք՝ ինչ է ասում է՛ս անզգամը․․․- կրկին մեջ է ընկնում տանտիկինը։

– Ա՛յ կնիկ, ի՞նչ պատահեց քեզ․ թող լսենք, տեսնենք՝ ինչ է ասում։ Դու շարունակի, քույրիկ, սրան ականջ մի դնիլ։

Աղքատը շարունակում է․

– Հնարքներ է մտածում չար հարսը։ Մի օր տան կահկարասին է ջարդում ու դնում անմեղ աղջկա վրա, մյուս օրը մարդու սիրած ձին է բաց թողնում, կորցնում ու մեղադրում քրոջը, տեսնում է՝ բան չի դառնում, վերջը իր երեխին օրորոցի մեջ մորթում է, դանակը դնում քնած աղջկա գրպանը․․․

– Ձենդ կտրի, լիրբ, անզգամ, ո՞վ է իմացել, որ մերն իր երեխին մորթի,- ճչում է տանտիկինը։

– Ի՞նչ ես ընդհատում,- գոռում է մարդը կնոջ վրա։- Թող պատմի, չե՞ս տեսնում՝ ինչ հետաքրքրական բան է պատմում։

Աղքատը շարունակում է․

– Դատաստան են անում, կտրում են անմեղ աղջկա կռները ու էնպես կռնատ հալածում, կորցնում հեռո՜ւ, հեռո՜ւ․․․

Հալածված թափառում է նա անծանոթ անտառներում։ Էն երկրի թագավորի տղեն օրերից մի օր որսի է դուրս գալի էն անտառները, գտնում է գեղեցիկ աղջկանը ու պսակվում է նրա հետ։ Թագավորի տղեն հեռու երկիր է գնում։ Նրա գնալուց հետո կինը ծնում է մի ոսկեգանգուր երեխա։ Աչքալուսի նամակ են գրում հորը։ Նամակատարը ճամփին հյուր է ընկնում կռնատ աղջկա եղբոր տունը։

Չար հարսը գիշերը փոխում է նամակը, նոր նամակ է գրում թագավորի տղին, թե՝ քու կնիկը ծնել է, շան լակոտ է բերել․․․

– Սո՛ւս, հերիք էր ինչ որ տակից-գլխից դուրս տվիր, դուրս կորի գնա,- կատաղում է տանտիկինը։

– Ախպեր, կնկանդ ասա հանգիստ կենա, լսենք, տեսնում ես՝ ինչ պատմություն է անում,- խնդրում է թագավորի տղեն ընկերոջը։

Աղքատը շարունակում է․

– Թագավորի տղեն կարդում է փոխած նամակը, վշտանում է, բայց էլի գրում է, որ պահեն, մինչև ինքը կգա։ Նամակատարը վերադարձին կրկին հյուր է ընկնում նույն տունը։ Էս նամակն էլ է փոխում չար հարսը ու գրում է, թե՝ նամակն ստանալուն պես իր ծնածը կրծքիցը կապեցեք ու դուրս արեք իմ կնոջը։ Էս նամակն ստանում են թագավորն ու թագուհին, շատ են զարմանում, շատ են ցավում, բայց ինչ անեն, կատարում են ինչ որ գրած էր․ երեխին մոր դոշիցն են կապում ու դուրս անում։

– Էս ո՞րտեղից եկավ էս շունը,- աղաղակում է տանտիկինը։

– Բավական էր,- գոռում են վրեն մարդն ու թագավորի տղեն։- Պատմի, քույրիկ, հետո՞․․․ հետո՞․․․

Աղքատը շարունակում է․

– Հետո թագավորի տղեն տուն է գալի։ Լսում է՝ ինչ է պատահել, ետ է դառնում, գնում է իր կնոջն ու երեխին ման գալու։ Պատահում է կռնատ աղջկա եղբորը։ Նա էլ դուրս էր եկել իր քրոջը ման գալու։ Ընկերանում են ու ման են գալի։ Շատ են ման գալի, չեն գտնում։ Գալիս են, մեծ ճանապարհի վրա մի քարվանսարա են պահում․․․

– Սուտ է ասում,- գոչում է տանտիկինը։ Իսկ մարդն ու թագավորի տղեն ապուշ կտրած սպասում են վերջին։ Եվ աղքատ կինը հասնում է վերջին․

– Սոված ու ծարավ թափառում է հալածված մերը իր ոսկեգանգուր երեխի հետ, վերջը աղքատ, տկլոր գալիս է, հասնում էդ քարվանսարայի դուռը․․․ ախպերն ու ամուսինը մեղքանում են, ներս կանչում, խնդրում են, որ մի հեքիաթ ասի իրենց համար․․․

– Վա՜յ,- ուշաթափվում է տանտիկինը։

– Լուսիկ ջա՜ն․․․ մի՞թե դու ես․․- վեր են թռչում թագավորի տղեն ու ընկերը,- Լուսիկ ջա՜ն․․․

– Հա՛, ձեր Լուսիկն եմ ես, ահա իմ ախպերը, ահա իմ ամուսինը, ահա իմ ոսկեգանգուր երեխան և ահա չար հարսը․․․

Լեզվով չի պատմվիլ, թե ինչպես են ուրախանում ամենքը, որ իրար որոնում էին ու գտնում են վերջապես։

Իսկ չար հարսին կապում են կատաղի ձիու պոչից ու բաց են թողնում արձակ դաշտերում։ Որտեղ արյունն է կաթում, էնտեղ փուշ ու տատասկ է դուրս գալի, որտեղ արտասուքն է թափվում, էնտեղ լիճ է գոյանում։ էն լճի խորքում երևում է մի երեխա՝ քնած օրորոցում, դանակը դրած գլխի տակին։ Ասում են՝ երևում է և մի վանք, էն վանքում չոքած է մի կին ու լալիս է, լալիս է, անվերջ լալիս է։

ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ

Լինում է, չի լինում՝ մի պառավ․ էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի։

Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, ուտում։

Պառավը վրա Է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում։

Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում ու էսպես խնդրում․

– Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Պառավն ասում է․

– Դե գնա իմ կաթը բե՛ր։

Աղվեսը գնում է կովի մոտ։

– Կովիկ, կովիկ, կա՛թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ Էիր։

Կովն ասում է․

– Դե գնա ինձ համար խո՛տ բեր։

Աղվեսը գնում է արտի մոտ։

– Արտիկ, արտիկ, խո՛տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

– Դե գնա ինձ համար ջուր բեր։ Աղվեսը գնում է աղբյուրի մոտ։

-Աղբյուր, աղբյուր, ջո՛ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Աղբյուրն ասում է․

– Դե գնա կուժ բեր։

Աղվեսը գնում է աղջկա մոտ։

– Աղջիկ, աղջիկ, կո՛ւժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

– Դե գնա ուլո՛ւնք բեր ինձ համար։

Աղվեսր գնում է չարչու մոտ։

– Չարչի, չարչի, ուլո՛ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Չարչին ասում է․

-Դե գնա ինձ համար ձո՛ւ բեր։

Աղվեսը գնում է հավի մոտ։

– Հավիկ-հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Հավն ասում է․  – Դե գնա ինձ համար կո՚ւտ բեր։

Աղվեսը գնում է կալվորի մոտ։

– Կալվոր, կալվոր, կո՛ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա․ ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա․ ուլունքը տանեմ աղջկան տամ, աղջիկը ինձ կուժ տա․ կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա․ ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա․ խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա․ կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա․ կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն՝ պոչատ աղվես, ո՞րտեղ էիր։

Կալվորի մեղքը գալիս է, մի բուռն կուտ է տալի։ Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի․ ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի․ ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի․ կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի․ ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի․ խոտը տանում է կովին, կովը կաթ է տալի․ կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն․ կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում։

Հովհաննես Թումանյան. հեքիաթներ

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸԺամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։

Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

 

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸԼինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։  — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։ — Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․  — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։ — Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։ — Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։ — Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

ԾԻՏԸԼինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

ՈՒԼԻԿԸ1Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։

Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։

2Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ուլիկը լսում է, լսում ու պատասխանում․

— Էդ ո՞վ ես դու, չեմ ճանաչում։ Իմ մայրը էդպես չի կանչում։ Նա քաղցր ու բարակ ձայն ունի։ Քո ձայնը կոշտ է ու կոպիտ։ Դուռը բաց չե՛մ անի․․․ Գնա՛․․․ Չեմ ուզում քեզ․․․։

Ու գայլը հեռանում է, գնում։

3Գալիս է մայրը, դուռը ծեծում․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ,
Ման եմ եկել սարեսար,
Կաթն եմ արել քեզ համար,
Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
Անուշ–անուշ ծիծ տամ քեզ․
Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ուլիկը դուռը բաց է անում, ծիծ է ուտում ու մորը պատմում․

— Գիտե՞ս, մայրիկ, ի՛նչ եղավ։ Մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց ու կանչում էր․

Սևուկ ուլիկ,
Սիրուն բալիկ։

Ասում էր՝ դուռը բա՛ց արա։ Էնպե՜ս հաստ ձայն ունե՜ր։ Էնպե՜ս վախեցա՜, էնպե՜ս վախեցա՜․․․ Դուռը բաց չարի, ասի՝ չեմ ուզում, գնա՛․․․

— Պա՛ պա՛, պա՛, պա՛, Սևուկ ջան, ի՜նչ լավ է եղել, որ բաց չես արել,— ասավ վախեցած մայրը։ — Էդ գայլն է եղել, եկել է, որ քեզ ուտի։ Մյուս անգամ էլ որ գա, բաց չանես, ասա՝ գնա՛, թե չէ՝ իմ մայրը քեզ կսպանի իր սուր պոզերով։

ՍՈՒՏԱՍԱՆԸ1Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս է մի հովիվ։ Ասում է․

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

2Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

3Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸԱքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։

― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։

― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։

― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։

Մի աղվես լսեց աքլորի ձայնը։

― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։

― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։

― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։

― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։

― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։

― Որտե՞ղ է ընկերդ։

― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐՄի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։

– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։

– Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։

Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

– Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

– Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

 

Հովհաննես Թումանյան. մանկական բանաստեղծություններ

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

ՇՈՒՆ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

24․02․2022

1․Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Գոճին, որը սովորել էր թռչել

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

22.02.2022

  1. Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Եղել է, չի եղել, մի վիշապ է եղել։ Անունը՝ Քոմոդո։

Նա կարողանում էր կրակ արտաշնչել, ուստի հարեւան բոլոր բնակիչները նրանից վախենում էին։ Լսելով Քոմոդոյի ոտնաձայները, բոլորն էլ փախչում ու թաքնվում էին։

Իսկ ոտնաձայները լսելը այնքան էլ մեծ բան չէր, որովհետեւ Քոմոդոն միաժամանակ երեք զույգ կոշիկ էր հագնում (չէ՞ որ վիշապները վեց ոտք ունեն) եւ այդ վեց կոշիկները միաժամանակ, իսկ յուրաքանչյուր կոշիկն էլ առանձին՝ սոսկալի ճռճռում էին։

Բայց մի անգամ Քոմոդոն հանդիպեց Սյուզի անունով աղջկան, որը վիշապից բնավ չվախեցավ։

— Ինչո՞ւ ես կրակ արտաշնչում,— հարցրեց աղջիկը։— Դու այդ կրակով բոլորին վախեցնում ես։

— Հըմ,— պատասխանեց վիշապը,— ես… հըմ… ես չգիտեմ, թե ինչու… Այդ մասին երբեք չեմ մտածել։ Հիմա ես ի՞նչ անեմ… այլեւս չվախեցնե՞մ։

— Իհարկե, մի վախեցրու,— ասաց Սյուզին։

— Լավ, չեմ վախեցնի,— ասաց Քոմոդոն։

Նրանք հրաժեշտ տվեցին իրար, եւ Սյուզին տուն գնաց։ Արդեն մութն ընկել էր, բայց լապտերավառ Չարլին, չգիտես ինչու, լապտերները չէր վառում, եւ անցորդներն էլ մթան մեջ չգիտեին, թե ուր են գնում։

Պարզվեց, որ Չարլին այդ օրը նույնիսկ անկողնուց վեր չէր կացել։ Նախորդ օրը երեկոյան նա շատ էր հոգնել ու չէր հասցրել ինչպես հարկն է հանգստանալ։ Նա խորը քուն էր մտել ու երազում բուտերբրոդ էր ուտում։

Իսկ քաղաքապետ սըր Ուիլյամը շատ բարկացավ։ Նա չգիտեր, թե ինչպես պետք է վառել փողոցների լապտերները։

Եվ հանկարծ Սյուզին մի հիանալի միտք հղացավ։ Ետ վազեց դեպի Քոմոդոյի քարանձավը եւ վիշապին քաղաք առաջնորդեց։ Նրանք երկուսով շրջեցին բոլոր փողոցներում․ վիշապը կրակ արտաշնչեց ու հերթով վառեց բոլոր լապտերները։

Քաղաքի բնակիչները շատ ուրախացան։ Այդ օրից ի վեր նրանք դադարեցին վիշապից վախենալուց։ Եվ ամեն տարի, երբ լապտերավառ Չարլին արձակուրդ էր գնում, նրանք Քոմոդոյին կանչում էին, որպեսզի վառի քաղաքի փողոցների լապտերները։

Թումանյանի մանկական բանաստեղծություններ

Գրիչը, Առաջին ձյունը, Շունը, Փիսոն, Մարտը, Աշունը։ 

Գրիչը

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

Առաջին ձյունը

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Շունը

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,

Ու տունն այպես

Պահում եմ ես։