Բնության պահպանություն

Բնության պահպանություն, պետական ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը, կանխել բնության վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցությունները, ապահովել մարդու և բնության կենսագործունեության ներդաշնակությունը։Բնության պահպանությունն իրականացվում է միջազգային, պետական ծրագրերով և նախագծերով, իրագործում է բնական միջավայրի պահպանություն, վերականգնում, վերափոխում՝ կանաչապատում, անտառապատում, գերխոնավ տարածքների ցամաքեցում, չոր տարածքների ոռոգում, ջրամբարների կառուցում և այլն։

Բնության պահպանության հիմնական սկզբունքներն են՝ սահմանված էկոլոգիական օրենքների, չափորոշիչների և սահմանափակումների պահպանման դեպքում նյութական արտադրության էկոլոգացումը, նախագծերի ու ծրագրերի պարտադիր էկոլոգիական փորձաքննությունը, բնական միջավայրի վիճակի մասին ամփոփ և հավաստի տեղեկույթի ստացումն ու երևույթների գիտական կանխատեսումները, որոնք կարող են հանգեցնել էկոլոգիական վիճակի վատթարացման և ունենալ բացասական ազդեցություն մարդու առողջության ու կենսագործունեության վրա։Բնության պահպանության հիմնախնդիրն ընդգրկել է ամբողջ Երկիր մոլորակը և գնալով ավելի է սրվում, անհրաժեշտություն է դարձել տարբեր երկրների ջանքերի միավորումը՝ բնապահպանական միջազգային կազմակերպությունների ստեղծումը։ Ներկայումս գործում են ավելի քան 300 միջազգային բնապահպանական կազմակերպություններ, որոնք միավորում են բնության պահպանության որոշակի բնագավառի մասնագետների և շահագրգիռ անձանց։

Հզոր ու հեղինակավոր են այն բնապահպանական միջազգային կազմակերպությունները, որոնց անդամագրված են պետություններ և կառավարական կազմակերպություններ։ Դրանց շարքում է ՄԱԿ-ի հատուկ մասնագիտացված բնապահպանական կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՊ-ը, որի գործունեության գլխավոր ուղղությունը համամոլորակային մոնիտորինգն է։Բնության պահպանության կրթության ու գիտելիքների տարածման բնագավառում լայն աշխատանք է կատարում ՄԱԿ-ին առընթեր կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

Կենսաբազմազանությունը կենդանի օրգանիզմների տարատեսակությունն է, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը: 
Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում: Սակայն կենսաբազմազանության օգտագործման պատճառով տեղի են ունեցել տեսակների աստիճանական դեգրադացիա և ոչնչացում: Այս երևույթն առավել ակտիվ է ընթացել վերջին հարյուրամյակում՝
կապված շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների աճի, ինչպես նաև անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ակտիվ շահագործման հետ: Երկրագնդի շատ տարածքներ հայտնվել են էկոլոգիական ճգնաժամային վիճակում: Վաղ անցյալում անտառները կազմել են երկրագնդի բուսականության հիմնական մասը: 
Վերջին սառցադաշտային շրջանի ավարտից մինչև մեր օրերը անհետացել են անտառների մոտ կեսը, հատկապես` Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում ու Ռուսաստանում: Կլիմայական պայմանների և
աշխարհագրական լանդշաֆտների փոփոխության հետևանքով շատ է տուժել Եվրոպայի կենդանական աշխարհը. անհետացել են վայրի ձի տարպանը և ժամանակակից խոշոր եղջերավոր կենդանիների նախահայրը՝ տուրը: Մեծ կորուստներ է կրել նաև օվկիանոսների, ծովերի, գետերի և լճերի կենդանական աշխարհը: XX դարում 25 անգամ մեծացել է ձկնորսության ծավալը: Արդյունագործական նշանակություն ունեցող ձկնատեսակների պոպուլացիաների 2/3-րդը ներկայումս վերարտադրության կարիք ունի: Ընդհանուր առմամբ անհետացել են մոտ 105 տեսակի կաթնասուններ և 136 տեսակի թռչուններ: Վերջին 30 տարվա ընթացքում կրճատվել են անտառային կենսաբազմազանության 319 տեսակների պոպուլացիաներ, որոնց գերակշռող մասը կենդանիներն ու թռչուններն են:
Կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բնական միջավայրում (in-situ) և բնական միջավայրից դուրս (ex-situ):
Բնական միջավայրում կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում: 
Բնական միջավայրից դուրս կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է բուսաբանական ու կենդանաբանական այգիներում, դենդրոպարկերում և այլ կանաչ գոտիներում, որի նպատակն է հարստացնել տվյալ տարածաշրջանի բուսական ու կենդանական աշխարհները 
նոր՝ տնտեսապես արժեքավոր, գեղազարդիչ, դեղատու և այլ օգտակար հատկություններով օժտված բուսա- և կենդանատեսակներով, ապահովել տեղական հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ ու մնացուկային տեսակների պահպանությունը, վերականգնումը և դրանց կայուն օգտագործումը:
Բնության հատուկ պահպանվող տարածքներ
Բնության հատուկ պահպանվող տարածքները բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ են, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, ռեկրեացիոն, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված է պահպանության հատուկ կարգ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման միջազգային համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտ, կառավարվող պաշարներով պահպանվող տարածք:
Արգելոց
Արգելոցն ունի ամենաբարձր կարգավիճակը: Արգելոցում բացառվում է մարդու տնտեսական գործունեությունը, և նույնիսկ արգելվում է մարդու մուտքը: Արգելոցի շուրջը ձգվում է առնվազն 1 կմ լայնությամբ արգելագոտի, որը պահպանում է արգելոցի բուն տարածքը:
Արգելավայր
Ի տարբերություն արգելոցի՝ արգելավայրը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական և ունի ավելի ցածր կարգավիճակ: Արգելավայրերն ստեղծվում են որսի կենդանիների պահպանման, բազմացման և որսի կազմակերպման նպատակով:
Ազգային պարկ
Ի տարբերություն արգելոցների և արգելավայրերի՝ ազգային պարկերը կազմակերպվում են բնության եզակի արժեք ներկայացնող բնական օբյեկտների և գեղատեսիլ վայրերի շուրջը, որտեղ միջավայրը պետք է պահպանվի բնականին մոտ վիճակում: Այստեղ բնության պահպանությունը համատեղվում է բնակչության զբոսաշրջության և հանգստի կազմակերպման հետ:
Բնության հուշարձան
Բնության հուշարձանը բնության բացառիկ կամ տիպիկ, գիտական, պատմամշակութային և գեղագիտական հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ է: Հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է վնասել հուշարձանը: Բնության հուշարձանները լինում են կենդանի և անկենդան:
ՀՀ բնության կենդանի հուշարձաններից են արևելյան սոսու մնացուկային պուրակը՝ ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ, Գրիֆիթի հուդայածառը՝ Մեղրու նախալեռնային շրջանում, և այլն, իսկ անկենդան հուշարձաններից՝ բազալտե սյունաձև և ճառագայթաձև մերկացումները Ազատի, Արփայի, Հրազդանի կիրճերում, հրաբխային կոները Գեղամա, Վարդենիսի լեռնավահաններում, ռելիեֆի հողմահարման եզակի ձևերը՝ բնական ժայռաբուրգերը, Գորիսում, Խնձորեսկում, ինչպես նաև բազմաթիվ բարձրլեռնային լճակներ, հանքային աղբյուրներ, ջրվեժներ և այլն:
Հայաստանում բնապահպանական հարցերով զբաղվում են ՀՀ բնության պահպանության նախարարությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *