Ինչ որ ցանես, ըն էլ կհնձես

Ըլնում ա, չի լնում մի լաչառ, անզգամ հարս։ Օրեն մի օրը էդ հարսի կեսուրը հիվանդանում ա, տեղով֊բարձով թեք ընկնում։ Էդ կեսոր սիրտը խորոված ա ուզում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի,— ասում ա,— սիրտս խորոված ա ուզում, ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես ուտեմ։

Հարսն ա՝ ջուղաբ չի տալի, փնթփնթալոն, թոնթորալոն դուս ա գալի քուչեն, առվիցը մի քանի գորտ ա բռնում, բերում խրում շամփուրը, լավ-լազաթին խորովում, եննա քաշում հացի վրեն, տանում դնում կեսոր աղաքը։ Խեղճ կեսուրը մի կտոր վեր ա ունում ուտում տենում ա՝ գորտի միս ա։

— Ա՛յ որդի,— ասում ա,— ինձ գորտի միս ուտացրիր, բան չկա. ասսանից եմ խնդրե՝ քե՛զ էլ փոխ ըլնի, թիքումդ գտնվի։

Ասում ա՝ ֆոgին տալի։

Անց ա կենում մի վախտ՝ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ անզգամ հարսը մի հասած տղա ա ունենում, բերում ա, դրան պսակում։ Դրան մի շատ խոնար, ասսու գառը հարս ա ռաստ գալի։

Օրեն մի օրը էդ կեսուրը սաթլշամ ա ըլնում, հիվանդանում, տեղով-բարձով թեք ընկնում։ Հարսը կեսոր յորղան-դոշակի կշտիցը չէր հեռանում՝ գշեր, ցերեկ մուղաթ էր կենում, ի՛նչ ուզում էր, ալբիալը էթում էր բերում, է՛ս տալի, է՛ն տալի, դեղ խմացնում, շորվա անում, ուտացնում, մախլաս, գլխներդ ինչ ցավացնեմ, հիվանդ ա էլի՛, ինչ սիրտն ուզում էր՝ ալուստի վազում էր բերում:

Օրեն մի օրը էդ կեսոր սիրտն էլ ա խորոված ուղում։

Կանչում ա հարսին.— Ա՛ղջի — ասում ա, սիրտս խորոված ա ուզում. ի՛նչ կըլնի՝ էթաս մի քանի թիքա խորոված անես, բերես՝ ուտեմ։

— Ա՛չքիս վրեն,— ասում ա հարսը:

Էթում ա էն սհաթը մարդին ղրկում բազար, մի լավ սուկի առնել տալի, բերում կոտորում, սոխը վրեն չրթմիշ անում, էթում շամփուրը բերում, շարում, տանում քաշ անում թունդիրը, որ խորովի: Մի քանի հետ շուռե֊շուռ ա տալի, որ չէրվի, եննա հանում ա՝ տենա էփել ա, թե չէ։ Հանում ա․․․ ի՛նչ տենում՝ խորովածացուն քոմմա գորտ ա դառե։ Շամփուրը ձեռին մնում ա սառած կաննած չի իմանում՝ էս ի՛նչ բաս ա։

Բերում ա էդ խորոված գորտերը շամփրի վրիցը քաշում, դեն ածում, թազադան մարդին ղրկում, սուկի բերիլ տալի, խորովում, շամփրի վրեն շարում, կախ տալի թունդիրը։ Մի քիչ կենում ա, հանում ա, տենում՝ էլի գորտ ա դառե։

Որ շատ ետանում ա, կեսուրը ընդիան ձեն ա տալի.— Ա՛ղջի,— ասում ա, — ի՞նչ էլար, թե՛զ արա խորովածը բե՛, է՜:

Հարսը թողում ա, գալի կեսոր կուշտը։

— Ա՛յ, նանի, ասում ա, բա չես ասի՝ ըսե՛նց, ըսե՛նց բան, խորովածացուն ինչքամ շարում եմ՝ գորտ ա դառնում։ Չեմ իմանում է՛ս ինչ բաս ա։

Կեսուրը ալբիալը գլխի ա ընկնում, թե բանն ընչումն ա։

— Գնա՛ բե, ա՛յ որդի,— ասում ա,— գնա՛ բե. տվել եմ, պտի առնեմ։

Դրուստ ա ասած. «Ինչ որ ցանես՝ ըն էլ կհնձես»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *