Հայասա

Հայասան, որպես ցեղային միությունների միավորումից առաջացած պետություն, ձևավորվել է մ.թ.ա. մոտ 15-րդ դարի 3-րդ քառորդին։ Վաղ ստրկատիրական պետություն էր՝ տոհմատիրական մնացուկների խիստ արտահայտությամբ։ Մ.թ.ա. 15-13-րդ դարերում Հայասան ռազմական, դիվանագիտական, տնտեսական և մշակութային լայն հարաբերությունների մեջ էր խեթական պետության հետ։ Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին-14-րդ դարի սկզբին խեթերը ժամանակավորապես իրենց են ենթարկել Հայասան, որտեղ իշխել է Մարիյա (Մարիաս) թագավորը։ Շուտով Հայասան թոթափել է խեթական տիրապետությունը։ Խեթական թագավոր Թուդխալիա III (մ.թ.ա. մոտ 14-րդ դարի սկիզբ) նոր արշավանք է ձեռնարկել Հայասա, որտեղ արդեն թագավորում էր Կարաննին (Կարաննիս)։ Վճռական ճակատամարտը Կումմախա քաղաքի մոտ առավելություն չի տվել խեթերին։ Թուդխալիա III-ի հաջորդը՝ Սուպիլուլիումա I (մ.թ.ա. մոտ 1397-48), Միտաննիի դեմ պատերազմներում թիկունքն ապահովելու նպատակով, պայմանագիր է կնքել Հայասայի թագավոր Հուկկանայի (Խուկկանա) հետ՝ քրոջը կնության տալով նրան։ Խեթական թագավոր Մուրսիլի II-ի օրոք (մ.թ.ա. մոտ 1348-20) վերսկսվել են խեթա-հայասական պատերազմները։ Հայասայի թագավոր Աննիյան (Աննիաս, ենթադրվում է, որ նրա անունով է կոչվել Դարանաղիի Անի քաղաքը) ասպատակել և պաշարել է խեթական մի շարք քաղաքներ ու ամրոցներ։ Միայն պատերազմի չորրորդ տարում, երբ Հայասայի ավագները տեսնում են, որ իրենց ամրացրած քաղաքները չեն կարողանում կատարել իրենց պաշտպանական ֆունկցիան, միայն այդ ժամանակ է, որ Հայասան հնազանդվում է Մուրսիլիին։ Մ.թ.ա. 13-րդ դարի խեթական արձանագրություններին զուգահեռ, նույն ժամանակաշրջանի, ինչպես նաև մ.թ.ա. 12-11-րդ դարերի ասորեստանյան արձանագրություններում, Հայասան հիշատակվում է Նաիրի անունով։ Մ.թ.ա. 13-րդ դարի վերջին Հայասան, հավանաբար, տրոհվել է առանձին ցեղային միությունների։ Հետագայում Հայասայի տարածքի զգալի մասը մտել է Հայկական լեռնաշխարհում առաջացած պետական միավորումների՝ Փոքր Հայքի և Մեծ Հայքի կազմի մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *