Մանկական ուղեղային կաթված

Մանկական ուղեղային կաթվածը՝ ՄՈՒԿ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։ Մկանային կառավարման նման խանգարումը դժվարություններ է առաջացնում շարժման և մարմնին որոշակի դիրք տալու ժամանակ։ Հիվանդության պատճառը գլխուղեղի որոշակի հատվածի վնասումն է մինչև ծնվելը կամ վաղ մանկական հասակում։ Ընդ որում մկանները պարալիզացված չեն։ Գլխուղեղի վնասվածքը չի զարգանում, բայց տարիքի հետ ավելի ակնհայտ է դառնում։ Ուղեղային պարալիչը յուրաքանչյուր երեխայի ախտահարում է յուրովի։ Հիվանդության թույլ արտահայտման դեպքերում երեխաները սովորում են քայլել երերուն հավասարակշռությամբ (ճոճվելով քայլք)։Մեկ այլ դեպքում կարող են առաջանալ ձեռքերի օգտագործման հետ կապված խնդիրներ, իսկ ծանր դեպքերում երեխաները չեն կարողանում ինքնուրույն նստել և հոգալ ամենօրյա կարիքները։ ՄՈՒԿ-ը սովորաբար առաջանում է ներարգանդային վնասվածքների կամ ուղեղի թերզարգացման արդյունքում։ Այդ խանգարումների պատճառները տարբեր կարող են լինել.

  • ապագա մոր քրոնիկ տարբեր հիվանդությունները
  • մոր կրած ինֆեկցիոն, հատկապես վիրուսային հիվանդությունները ինտոկսիկացիաները (ինքնաթունավորումները)
  • մոր և պտղի արյան անհամատեղելիությունն ըստ ռեզուս գործոնի կամ արյան խմբի պատկանելության
  • ձգձգվող ծննդաբերությունը, երբ պորտալարը փաթաթված է լինում երեխայի պարանոցի շուրջ։

Երբեմն ՄՈՒԿ-ը առաջ է գալիս երեխայի կյանքի առաջին տարիներին՝ նեյրոինֆեկցիաների, գանգի ծանր վնասվածքների պատճառով։ Բնածին կամ ձեռքբերովի ուղեղային կաթվածը հանդիպում է 300 նորածիններից մեկի մոտ։ ՄՈՒԿ-ը որպես կանոն ժառանգական հիվանդություն չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *